Հայ ժողովուրդը կարոտ է խաղաղ, ընտրություններով իշխանափոխության, այսօր «ԵԼՔ» դաշինքի համաժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը: «Այստեղ գալիս մտածում էի` մեքենաս որտե՞ղ կայանեմ: Այդ հարցով զբաղվող քաղաքացուն ասացի` «Այստեղ կարո՞ղ եմ կայանել», ինչին ի պատասխան ասաց` «Դու պրոբլեմ չունես»: Զգացի, որ ճանաչել է ինձ ու շարունակեցի, ասացի` «Գնում եմ, մեր դաշինքի համագումարին, «ԵԼՔ» դաշինք, լսե՞լ եք», պատասխանեց` «Լսել եմ, բայց դուք մազալու մարդիկ եք, հիմա բոլորը մուտք են փնտրում, դուք ընկած ելք եք ման գալիս»: Ես վստահ եմ, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ էլ այս օրերին մեզ հետ ելք են փնտրում: Ես էլ ուզում եմ հասկանալ` կա՞ ելք այս իրավիճակից»,- դահլիճում հավաքվածներին հարց ուղղեց ԱԺ պատգամավորը, ինչին ի պատասխան ներկաները ծափահարեցին:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ երեկ ամբողջ աշխարհը հետևում էր, թե ինչպես է ԱՄՆ-ում տեղի ունենում խաղաղ իշխանափոխություն: «Այդ իշխանափոխությունը տեղի ունեցավ կայացած ընտրությունների արդյունքում, և հայ ժողովուրդն ու բազմաթիվ ժողովուրդներ կարոտ են նման խաղաղ իշխանափոխության: «ԵԼՔ» դաշինքը և դաշինքի գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով` այս օրերին լրագրողները հաճախ են հարց տալիս` իսկ ո՞ւմ կմիանա «ԵԼՔ»-ը. ««ԵԼՔ» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար: «ԵԼՔ»-ը ստեղծվել է միավորելու, ներառական գործընթաց սկսելու համար: Այդ գործընթացն անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ու հաղթանակ արձանագրելու համար: Ցանկացած համահայկական խնդրի լուծման բանալին ուժեղ Հայաստանն է», - ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահը: